Հայաստան — Եվրամիություն

Համաձայն ՀՀ Նախագահի 2015թ. փետրվարի 10-ի «Միջազգային տնտեսական համագործակցության շրջանակներում միասնական քաղաքականության իրականացման մասին» ՆՀ-206-Ն հրամանագրի 2.3, 2.5, 2.6 և 2.7 կետերի՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարությունը համակարգում է՝

  • Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները
  • Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը
  • Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակներում բարեփոխումներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող տնտեսական միջոցառումների իրականացումը

 

Հայաստանի Հանրապետության համագործակցությունը Եվրոպական Միության հետ
Հայաստանի համագործակցությունը Եվրոպական Միության հետ ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է:
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության հարաբերությունները կարգավորվում են 1996թ. ապրիլի 22-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների միջև կնքված և 1999թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրով (ԳՀՀ): ԳՀՀ-ը սահմանում է համագործակցության լայն բնագավառներ քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսական, օրենսդրական և մշակութային համագործակցության ոլորտներում: ԳՀՀ-ն ընդգրկում է համագործակցության բոլոր ոլորտները, բացի պաշտպանությունից:
ԳՀՀ շրջանակներում ստեղծվել են տարբեր միացյալ հաստատություններ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության խորհուրդը, ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեն, ՀՀ-ԵՄ համագործակցության առևտրի, տնտեսության և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեն, ինչպես նաև Խորհրդարանական համագործակցության ենթակոմիտեն, որոնց նպատակն է ապահովել պարբերական և սահուն քաղաքական երկխոսություն:

Եվրոպական հարևանության քաղաքականություն
2004թ. հունիսին Հայաստանը ընդգրկվել է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում, որով Գործընկեր և համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից Հայաստանը դարձել է ԵՄ հարևան երկիր:
2006թ. նոյեմբերի 14-ին Բրյուսելում Եվրոպական միության հետ ստորագրվել է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) Գործողությունների ծրագիրը:
ԵՀՔ գործողությունների ծրագրով առանձնացվում են համագործակցության մի շարք առաջնային ոլորտներ` ինչպիսիք են օրենքի գերակայություն, ժողովրդավարական կառույցների ամրապնդում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգանք, ներդրումային միջավայրի բարելավում և այլն:

Արևելյան գործընկերություն
Աևելյան գործընկերությունը մեկնարկել է 2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացած ԵՄ և Արևելյան գործընկեր պետությունների ղեկավարների գագաթաժողովով, որի ընթացքում ընդունվել է համատեղ հռչակագիր:
ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ներքո իրականացվող ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ձևավորվել են բազմակողմ համագործակցության 4 հարթակներ (պլատֆորմներ).

  • ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն,
  • տնտեսական ինտեգրում եւ համապատասխանեցում ԵՄ քաղաքականության հետ
  • էներգետիկ անվտանգություն
  • մարդկանց միջև շփումներ

Նոր պայմանագրային հարաբերությունները Եվրոպական Միության հետ
2015թ. հոկտեմբերի 12-ին ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհուրդը լիազորել է Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական Միության միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցչին սկսել բանակցությունները Հայաստանի հետ նոր, պարտադիր իրավական ուժ ունեցող, համալիր համաձայնագրի շուրջ, ինչպես նաև տրամադրել է համապատասխան բանակցային մանդատը։ Բանակցությունների պաշտոնական մեկնարկը տրվել է 2015թ. դեկտեմբերի 7-ին։ Նոր համաձայնագիրը կփոխարինի գործող ԵՄ-Հայաստան Գործընկերության և համագործակցության համաձայնագրին: